Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը: Դրանից բարձր ցուցանիշը խոսում է լյարդի գործունեության խանգարման մասին:

Պատճառները

Դրանք կարող են լինել ֆիզիոլոգիական պատճառներ և հիվանդության հետևանք: Ֆիզիոլոգիական պատճառներից են որոշ դեղերի անվերահսկելի ընդունումը, երկարատև սովը: Նորածինների մոտ կյանքի առաջին օրերին ընդհանուր բիլիռուբինը բարձր է դեռևս
չկարգավորված նյութափոխանակության արդյունքում: Դա անվտանգ է և սովորաբար անցնում է առաջին շաբաթվա ընթացքում:

Դեղնությունը երեխայի մոտ կարող է երկար պահպանվել, եթե կա մոր և երեխայի ռեզուս-կոնֆլիկտ: Այս իրավիճակն արդեն
վտանգավոր է և բուժում է պահանջում:

Պաթոլոգիական պատճառներ

  • Լյարդի պաթոլոգիաներ – լյարդի ինֆեկցիոն ախտահարումներ, /վիրուսային հեպատիտ/
  • կամ քրոնիկ ալկոհոլիզմի հետևանքով լյարդի ցիռոզ
  • Լեղուղիների հիվանդություններ լեզաքարային հիվանդության ժամանակ
  • Ներքին օրգանների օնկոլոգիա, որոնց ժամանակ խանգարվում է լեղու հոսքը
  • Գենետիկ հիվանդություններ /Ժիլբերի հիվանդություն և այլն/
  • Որովայնի քրոնիկ հիվանդություններ
  • Բազմակի հեմատոմաներով վնասվածքներ /տրավմաներ/

 
Հիպերբիլիռուբինեմիայի ռիսկը բարձրանում է ոչ առողջ ապրելակերպի, ալկոհոլ օգտագործելու, ծխելու, սթրեսների դեպքում:

Պաթոգենեզ

Հիպերբիլիռուբինեմիան զարգանում է էրիթրոցիտների պաթոլոգիկ քայքայման, նրանց նորմալ գործունեության խանգարման, լյարդի կողմից գործունեության վատացման հետևանքով:

Ազատ /անուղղակի/ բիլիռուբինը տոքսիկ է լյարդի բջիջների համար: Լյարդում այն միանում է գլյուկորոնաթթվի հետ և վերածվում ոչ տոքսիկ ուղղակի բիլիռուբինի, որը հետո հեռանում է օրգանիզմից:

Դասակարգում

Տարբերում են ուղղակի և անուղղակի հիպերբիլիռուբինեմիա:

Ուղղակին առաջանում է լեղու արտահոսքի խանգարման արդյունքում, երբ ստամոքսի փոխարեն այն անցնում է արյան մեջ: Դա բնորոշ է լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի չարորակ գոյացություններին: Լինում է նաև լեղաքարային հիվանդության, քրոնիկ ալկոհոլիզմի, վիրուսային հեպատիտի հետևանքով առաջացած լյարդի ցիռոզի ժամանակ:

Անուղղակի բիլիռուբինը բարձրանում է էրիթրոցիտների արագացած քայքայման
հետևանքով: Դրա պատճառներն են՝ հեմոլիտիկ անեմիան, բարորակ հիպերբիլիռուբինեմիան:

Հիպերբիլիռուբինեմիայի ախտանշանները

Դեղին պիգմենտի մեծ քանակությունն առաջացնում է մաշկի և աչքերի սկլերաների մգացում: Դիտվում է նաև քիմքի և լեզվի հետին հատվածի դեղնություն:

Դեղնության արտահայտվածությունը կարող է տարբերվել տարբեր հիվանդություններից կախված: Լյարդի խնդիրների դեպքում լինում է նարնջագույն դեղնություն: Հեմոլիտիկ անեմիաների դեպքում մաշկը լիմոնագույն երանգ է ստանում, լեղուղիների գործունեության խանգարման դեպքում մաշկը կանաչա-դեղնավուն գույն է ընդունում:

Եթե բիլիռուբինը բարձրանում է հեմոլիտիկ անեմիայի հետևանքով, դիտվում են նաև գլխապտույտ, տենդ, անաշխատունակություն, սրտխփոց, զարկերակային ճնշման բարձրացում:

Վիրուսային հեպատիտը, լյարդի հիվանդությունները դեղնության հետ ունենում են նաև հետևյալ ախտանշանները.

  • Ցավ ստամոքսում և աջ ենթակողում
  • Սրտխառնոց
  • Կղանքի փոփոխություն
  • Բերանում մետաղական համ
  • Ստամոքսում փքվածություն և ծանրություն անգամ քիչ սնունդ ընդունելիս
  • Ախորժակի վատացում

 
Հիպերբիլիռուբինեմիայի ժամանակ կարող է լինել նաև պսիխոէմոցիոնալ խանգարում՝ գրգռվածություն, շուտ հոգնածություն, անքնություն:

Ախտորոշումը

Անհրաժեշտ է իրականացնել ընդհանուր զննում, որովայնի պալպացիա:

Նշանակվում են հետևյալ հետազոտությունները.

  • Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, բիոքիմիական հետազոտություն
  • Որովայնի օրգանների ՈՒՁՀ
  • Գենետիկ հիվանդությունների հայտնաբերման թեստեր

 
Հիպերբիլիռուբինեմիայի բուժումը

Բուժումը նշանակվում է ելնելով բիլիռուբինի բարձրացման պատճառից։ Այն իր մեջ ներառում է դեղորայքային բուժում և համապատասխան սննդակարգ:

Վիրուսային հեպատիտի դեպքում օգտագործվում են մանրէների գործունեությունը ճնշող միջոցներ, լեղու կանգով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ նշանակվում են լեղամուղներ:

Լեղաքարային հիվանդության ժամանակ կարող է վիրահատական միջամտության կարիք լինել:

Օգնող միջոցներից են ֆոտոթերապիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործումը:

Սննդակարգ

Վիրուսային հեպատիտի, լյարդի ցիռոզի, լեղաքարային հիվանդության ժամանակ սննդակարգում սպիտակուցով հարուստ մթերքներ են ներառվում, իսկ ճարպի և ածխաջրատների քանակը պետք է սահմանափակել:

Կերակուրը պետք է օգտագործել տաք, խաշած վիճակում: Օրվա ընթացքում պետք է սնվել 5-6 անգամ:

Խորհուրդ է տրվում.
 

  • Խաշած, ոչ ճարպոտ միս և ձուկ
  • Հնդկաձավարի և վարսակի շիլա
  • Թթվակաթնային մթերք և ոչ յուղոտ կաթնաշոռ
  • Խաշած բանջարեղեն
  • Օմլետ սպիտակուցներից

 
Որոշ մթերքներ պետք է սահմանափակել կամ բացառել. դրանք են՝ ապխտած, թթու դրած, մարինացված մթերքները, ճարպոտ միսը, լոբազգիները, պահածոները, քաղցրավենիքը, շոկոլադը, գազավորված ընպելիքները, սուր համեմունքները, թանձրուկները, արագ
սնունդը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ